ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Շվարած Եվրոպան ու Վլադիմիր Պուտինը

Շվարած Եվրոպան ու Վլադիմիր Պուտինը
21.10.2016 | 11:20

Եվրոպացիների ռուսական ռազմավարությունը թելադրված է վեճերով պատժամիջոցների մասին, որոնց շուրջ չկա միասնություն այն պահին, երբ Մոսկվան Հալեպի վրա է պահում իր սուրը: Երբ ճնշումը մեծանում է, Վլադիմիր Պուտինը նետում է ավելորդ բալաստը: Նրա առավելությունն է, որ չունի դաշնակիցներ ու գործընկերներ, որոնց հետ պետք է հաշվի նստի: Հինգ օրում նա վերսկսեց Սիրիայի վերաբերյալ երկխոսությունն ԱՄՆ-ի հետ Լոզանում, դադարեցրեց հարվածները Հալեպում ու նորից սկսեց ՈՒկրաինաի մասին խոսել Օլանդի ու Մերկելի հետ՝ մեկ տարվա դադարից հետո: Առայժմ կոնկրետ արդյունքներ չեն երևում, այս ամենը կարելի է համարել ավելի շուտ բարձրամակարդակ ժեստեր, բայց ոչ դիվանագիտություն: Հուրախություն ՌԴ նախագահի, այդքանն էլ բավարար էր՝ կանգնեցնելու առանց այդ էլ դժվարությամբ աշխատող եվրոպական արտաքին քաղաքականության մեխանիզմը: Օբամայի վարչակարգի վերջալույսը թույլ չի տալիս տեղաշարժեր ակնկալել թե Սիրիայում, թե ՈՒկրաինայում: ԵՄ սամմիթից արժի սպասել ընդամենը Հալեպի տարաբախտ բնակիչների տառապանքին Ռուսաստանի մասնակցության «առավել կոշտ դատապարտում», ինչպես նշեցին եվրոպացի որոշ ղեկավարներ: Անցած երկուշաբթի Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարները քննադատեցին «ռազմական հանցագործությունները»: Ժան-Մարկ Էյրոն Ռուսաստանին կոչ արեց «արյունահեղությունը դադարեցնել»: Այս ամենը մենք արդեն լսել ենք: Նորություն է պետք:


Պահպանել քաղաքականությունը


Եվրոպան բարձրացնում է ձայնը, բայց չի պատրաստվում ուժեղացնել պատժամիջոցները: Անցած հանգստյան օրերին Գերմանիան, ի դեմս Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիան Բորիս Ջոնսոնի ձայնով, Ֆրանսիան (կուլիսներից) Մոսկվային նոր պատժամիջոցներով սպառնացին: Այնուամենայնիվ, Լյուքսեմբուրգում պատժամիջոցներ ընդունվեցին Սիրիայի, ոչ թե Ռուսաստանի դեմ: Դիվանագետները հաստատում են, որ պարզապես անհնար էր չարացնել Պուտինին այն պահին, երբ նա սուրը պարզել է Հալեպի վրա ու բոլոր ուղղություններով վերականգնում է բանակցությունները: Չար լեզուները կասեն, որ Պուտինն ամեն ինչի հասավ՝ չանելով ոչ մի լուրջ զիջում: Բայց դա եվրոպական դիլեմայի մի մասն է միայն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ԵՄ-ում անփոփոխ կռվախնձոր են: Նրանք ընդունվեցին միասնականության եզակի պահին՝ 2014-ին Ղրիմի անեքսիայից, ՈՒկրաինայում պատերազմը սկսվելուց և МН17 չվերթի աղետից հետո՝ ռուսական արտադրության «Բուկ» հրթիռով խփվելու պատճառով (298 զոհ, մեծամասնությունը՝ հոլանդացիներ): Պատժամիջոցների ուժեղացման կամ թուլացման համար միասնություն է պետք: Դա երկար ու դժվար գործընթաց է, մինչդեռ ՌԴ նախագահը նման սահմանափակումներ չունի: Մայրաքաղաքներից ոչ մեկը չի այրվում Պանդորայի արկղը բացելու ցանկությունից, երբ հիմա ԵՄ-ին ավելի քան երբևէ պետք է միասնություն՝ միգրացիոն ճգնաժամից հետո ու Մեծ Բրիտանիայի հեռանալուց առաջ: Բացի դա՝ այդ հարցն անմիջականորեն չի վերաբերում օրակարգին՝ պատժամիջոցները նվազագույնը մինչև հունվար ուժի մեջ են: Պաշտոնական թեման՝ երկարաժամկետ հարաբերություններն են Մոսկվայի հետ: Իրականությունը՝ եթե Եվրոպան ինչ-որ ռուսական ռազմավարություն ունի, այդ ռազմավարությունն ավելի հաճախ կախված է պատժամիջոցների վերաբերյալ բանավեճերից՝ ուժեղացնե՞լ է պետք, թե՞ թուլացնել: Միանգամի՞ց, թե՞ աստիճանաբար: Ամռանը ռուսական ավիահարվածների տարափը Սիրիայում խարխլեց նրանց դիրքերը, ովքեր հավատում էին, որ 2014-ին ընդունված պատժամիջոցների թուլացման և հին համագործակցությանը վերադառնալու ժամանակը եկել է: Խոսքը բավականին տարաբնույթ կոալիցիայի մասին է, որտեղ Մատեո Ռենցիի Իտալիան է (իրավիճակն ազդել է առևտրական կապերի վրա), Վիկտոր Օրբանի Հունգարիան (նա հիացած է Պուտինով), Ռոբերտ Ֆիցոյի Սլովակիան (Ռուսաստանից է ստանում իր ամբողջ նավթն ու գազը): Այնտեղ են պատմական դաշնակիցներն ու ուղղափառ հավատակիցները՝ Հունաստանն ու Կիպրոսը: Ռուսաստանի ու հավելյալ պատժամիջոցների հարցերով բաժանարար գիծը մարտահրավեր է նետում պատմությանն ու աշխարհագրությանը: 2014-ին Արևմտյան Եվրոպայի քննադատությունը հարուցած Վիշեգորոդյան քառյակը մասնատում են Լեհաստանի ու Հունգարիայի տարաձայնությունները: Մերձբալթյան հանրապետությունները Մոսկվայի նկատմամբ նույնքան կոշտ դիրքորոշում ունեն, որքան Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան: Գերմանիայի իշխող կոալիցիայում տարաձայնություններ կան կանցլերի (նա ասում էր, որ կքննարկի բոլոր տարբերակները, այդ թվում՝ պատժամիջոցները) և շատ ավելի զգուշավոր սոցիալ-դեմոկրատների միջև: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն ողջունեց, որ Եվրոպան «պահպանում է իր քաղաքականությունը հակառակ Պուտինի հույսերի»: Սակայն դա լճացման դրվատանք է:
Ժան-Ժակ ՄԵՎԵԼ, Le Figaro


Հ.Գ. France-Presse-ի տվյալներով՝ Եվրամիության ղեկավարները Ռուսաստանին կսպառնան նոր պատժամիջոցներով: ԵՄ ղեկավարների բանաձևի ամփոփիչ նախագիծը նախատեսում է սիրիական կառավարության աջակիցների նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորություն, նշվում է նաև, որ
«Եվրոպական խորհուրդը վճռականորեն դատապարտում է սիրիական ռեժիմի և նրա դաշնակիցների՝ մասնավորապես Ռուսաստանի հարձակումները Հալեպի խաղաղ բնակչության վրա», - ըստ France-Presse-ի` ասված է նախագծում:
Reuters-ը, վկայակոչելով Գերմանիայի կառավարության մի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ Սիրիայի առնչությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը Արևմուտքի օրակարգում է, սակայն այս շաբաթ Եվրամիության գագաթնաժողովը հազիվ թե նման որոշում ընդունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ